Արմավիր քաղաքում սպասվող ՏԻՄ ընտրություններն ուշագրավ են նրանով, որ այստեղ, ըստ էության, որևէ պայքար չի ծավալվելու՝ ինտրիգ չկա, քանի որ միակ թեկնածուն գործող ՔՊ-ական քաղաքապետն է՝ Դավիթ Խուդաթյանը:
Ընդդիմությունը՝ հատկապես խորհրդարանականը, պատեհ և անպատեհ առիթով հիշատակում է Արմավիրը, խոսում այստեղ առկա խնդիրներից՝ ոռոգման ջրից մինչև ընդդիմադիրների, ասել է թե' յուրայինների դեմ զանազան քաղաքական ճնշումներ, պնդում են, որ արմավիրցիները անչափ դժգոհ են գործող իշխանություններից: Եվ այս դեպքում էլ ավելի զարմանալի և տարակուսելի է, թե ինչու այդ նույն ընդդիմությունը որոշեց առանց պայքարի Արմավիրը հանձնել ՔՊ-ին և նույնիսկ հնարավորություն չտալ՝ իշխանություններից դժգոհ հատվածին իր քվեի միջոցով արտահայտել այդ դժգոհությունը: Թեկնածու առաջադրելով' առնվազն անհարմարություն կստեղծվեր ՔՊ-ի համար, և վերջինիս թեկնածուն այդքան վստահ չէր լինի իր հաղթանակի մեջ, այսպես՝ ՔՊ-ական Խուդաթյանը չունանելով որևէ այլընտրանք միանշանակ ընտրվելու է: Ստացվում է՝ իրենց պասիվությամբ ընդդիմադիրները վերարտադրում են այն իշխանություններին, որոնց դեմ պայքարում են և մեղադրում անգործության, նույն արմավիրցիների խնդիրներին լուծում չտալու մեջ:
Արդյո՞ք սխալ է այս դեպքում Խուդաթյանը, ով հայտարարում է, որ թերևս ինքը ընդունելի թեկնածու էր ընդդիմադիրների համար և դա է պատճառը, որ վերջիններս չեն առաջադրվել: Ընդդիմադիրներից մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել, ինչն էլ տեղիք է տալիս մտածելու, որ Արմավիրի քաղաքապետն այնքան էլ հեռու չէ իրականությունից, և այդքան քննադատվող պետական պաշտոնյան իսկապես ընդունելի է իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերի համար: