«Նախագահն իր ելույթում նշեց, որ մենք անցում ենք կատարելու և աստիճանաբար գնում ենք երկբևեռ քաղաքական համակարգի, դա այն է, որ լուրջ դերակատարում պետք է ունենա և իշխանությունը, և ընդդիմությունը: Իշխանությունն ու ընդդիմությունն առանց մեկը մյուսի չեն կարող լիարժեք գործել: Մեզ համար անհասականալի է որոշ այն վերլուծաբանների գնահատականները, որ այստեղ վերմակը մենք վերցնում ենք միայն մեզ վրա, կարևորում ենք իշխանության դերը: Ոչ, այդպես չէ, նախագահը կարևորեց ընդդիմության դերը, հստակեցվեցին խաղի կանոնները: Մենք կոռեկտ համագործակցության կողմնակից ենք, մեր ընդդիամդիր գործընկերները մեր թշնամիները չեն, երկուսն էլ ուզում են ունենալ հզոր հայրենիք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Բնական եմ համարում, որ ելույթի արձագանքները կլինեն տարբեր, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր հպանցիկ են ծանոթացել նախագահի ելույթին և միանգամից չեն հասկացել: Ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ էր և մեկ փաթեթի մեջ այդ ելույթում ընդգրկված էր թե սահմանադրական բարեփոխումների, թե երկբեևեռ քաղաքական համակարգի անցման, թե իշխանություն-ընդդմություն, թե կուսակցության ներկուսակցական խնդիրների, թե քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարման մասին, և նրանք, ովքեր հպանցիկ են ծանոթացել, չեն գիտակցի ելույթի խորությունը: Այդ ելույթը ժամանակի պահանջից ելնելով է արված և ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլև նախանշում էր ապագա քաղաքական զարգացումները: Կուսակցության առաջնորդը կարևորեց կուսակցության դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում և արձանագրեց, որ Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը' ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, ՀՀԿ-ը է ՀՀ-ում բոլոր բարեփոխումների հիմնական պատասխանատուն, ուստի որպեսզի այդ բերափոխումները լինեն ավելի արդյունավետ ու հասարակ քաղաքացին իր վրա զգա դրանք, պետք է Մելիք Ադամյանից մինչև Մեղրի մեր բոլոր գրասենյակներն աշխատեն օրնիբուն»:

 

Շարմազանովի խոսքով՝ պատահական չէր նախագահի բերած այն օրինակը, որ եթե հեռավոր մարզում մի քաղաքացի ունի կտուրը սարքելու կամ այլ խնդիր, նա ոչ թե պետք է ծանոթ-բարեկամ գտնի իշխանության մեջ, այլ գնա ու դիմի ՀՀԿ-ի գրասենյակ: «Այս առումով նախագահը հստակ ժամկետ տվեց մեզ բոլորիս, որ կարողանանք վերափոխվել և բարեփոխվել»,- ասաց Շարմազանովը:

 

Լրագրողների այն հարցին՝ արդյոք որոշ վերլուծաբաններ շտապեցին հայտարարել, թե Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես պարզապես իրենց կարող եմ պատասխանել, որ նախ հանրապետության նախագահի հայեցակարգային ելույթը ուղղված չէր որեւէ մեկի դեմ, առավել եւս մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել»: