2015 թվականի սկզբից ՌԴ մուտքը և այնտեղից ելքն ԱՊՀ-ի բոլոր քաղաքացիների համար կիրականացվի արտասահմանյան անձնագրերով, բացի այն երկրներից, որոնք մտնում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մեջ: Այս մասին հունիսի 26-ին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ԱՊՀ-ի քաղաքացիների մուտքի և ելքի կարգի փոփոխությունը կատարվում է «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հատման միասնական կարգի սահմանման, ինչպես նաև միգրացիոն գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով»:

 

«Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի Դաշնություն մուտքը և այնտեղից ելքն այն պետությունների քաղաքացիների համար, որոնց հետ 2000 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրվել է Փոխադարձ անայցագիր ուղևորությունների վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, նախկինի պես չի պահանջում այցագրերի ստացում և պահպանում է իր առավելագույնս ազատական ռեժիմը»,- ասված է մի շարք արտասահմանյան պետությունների քաղաքացիների կողմից ՌԴ-ի պետական սահմանի հատման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: