Այս տարի ցանքատարածություններն են պակասել, թանկացել են դիզվառելիքը, պարարտանյութը, թունաքիմիկատները. այդ բոլորը, միանշանակ, կանդրադառնա գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը՝ հավելելով, որ պետությունը ոչնչով չի օգնում գյուղացուն, որևէ հարց չի լուծում:
Ըստ նրա՝ անցյալ տարվա համեմատ դիզվառելիքը թանկացել է 2 անգամ, պարարտանյութը՝ 3 անգամ, թունաքիմիկատները՝ 50 տոկոսով, և այդ թանկացումները գցում են գյուղացու վրա: Հրաչ Բերբերյանը նշում է, որ չնայած այդքան թանկացումներին, այս տարի գյուղատնտեսական միջակ տարի է:
Վերջինս այն կարծիքին է, որ պետությունը գյուղացուն թողել է մեն-մենակ. «Պետությունը, որը պետք է գյուղացու կողքին լինի, նրա հետ չէ: Նախորդ կառավարությունը ռեսուրսներ ուներ և տուժած գյուղերին, ֆերմերներին օգնում էր, իսկ այս կառավարությունը միջոցներ է հատկացնում պարարտանյութ ներկրողներին, առևտրականներին, գյուղմթերք ձեռքբերողներին, արտահանողներին, բանկերին է հարստացնում և այս ամենը կատարում է գյուղացու անվան տակ՝ թե տեսեք, խեղճ գյուղացուն ենք օգնում այդ գումարներով»,- ընդգծեց նա:
Խոսելով կարկուտների և առատ տեղումների մասին՝ Բերբերյանն ասաց, որ դրանց հետևանքով չէ, որ բերքը փչանում է, այլ՝ սնկային հիվանդությունների.
«Կարկուտը բերքը չի փչացրել, դրանք լուրջ հիվանդությունների հետևանքով են փչանում, եթե գյուղացին ճիշտ ժամանակին սրսկում կատարեր, ապա սնկային հիվանդությունները չէին տարածվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս համոզված է ՝ գյուղմթերքը ճիշտ քանակով արտադրելու դեպքում՝ թանկացում չի կարող լինել. «Այստեղ խնդիրն ավելի շատ ֆինանսավարկային սխալ քաղաքականությունն է, որը հանգեցնում է այս հետևանքներին, կառավարությունը գյուղացու հետ չի աշխատում, կառույցը, գյուղացուն միամիտի տեղ դնելով, ման է գալիս»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան