Պետական մարմինները շարունակում են իրենց կարիքների համար ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ: Այդ պետական մարմինների թվին միանշանակ կարելի է դասել Երևանի քաղաքապետարանը, որն ամեն անգամ իր հնարամտությամբ զարմացնում է հանրությանը: Այս անգամ էլ Տարոն Մարգարյանը պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանի դստեր՝ Ալիտա Ադամյանի ընկերության հետ: «Ակադա պրինտ» ՍՊ ընկերությունը քաղաքապետարանի համար պետք է տպագրի աղբահանության վճարների անդորրագրեր: Պայմանագրով տպագրվելու է 945 000 անդորրագիր, յուրաքանչյուրը՝ 9 դրամով: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.5 միլիոն դրամ:
 
Ադամյանի աղջկա ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման պատմությունների մեջ; 2013 թվականին Վերահսկիչ պալատը եզրակացրել էր, որ եթե Սոցիալական ապահովության պետական ծառայությունը «Ակադա պրինտ»-ի փոխարեն թերթիկները տպագրեր «Նորք» կենտրոնի միջոցով և յուրաքանչյուրի համար վճարեր 64.8 դրամ, ապա պետական բյուջեից կխնայվեր 10 մլն 830 հազար դրամ: Ինչպես երևում է՝ Տարոն Մարգարյանը երևանցիների գրպանի պարունակությունը խնայելու մտքով այնքան էլ տոգորված չէ և առանձնապես չի էլ ուսումնասիրել, թե որ ընկերության հետ է կնքվում պայմանագիրը և որքան է դա «նստելու» հարկատուների վրա:
 
Պետական միջոցների իրացման ժամանակ տեղ գտած բացասական երեւույթները չափազանց շատ են։ Այնպիսի տպավորություն է, որ օրենսդրական դաշտում դրանց դեմ պայքարի լծակները թույլ են եւ ոչ անարդյունավետ։ Պետական ծախսերի իրացման ոլորտում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, թափանցիկության ապահովումն է։ Սակայն Երևանի քաղաքապետարանը կարծես թե՝ վերջնականապես է հրաժարվել թափանցիկություն հասկացությունից. լրագրողների «վտարումը» ավագանու նիստերի դահլիճից՝ դրա վառ վկայությունն է:
 
Ստելլա Խաչատրյան