ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է հրապարակել: Դրա համաձայն Դատարանը վարույթ է ընդունել մեղադրյալի պաշտպան Ալբերտ Քարամյանի վճռաբեկ բողոքը և քննության առնելով արդարացրել է ՊԲ նախկին շարքային զինծառայող Ռազմիկ Չանախրյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց հանդիսացող ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին, վերացվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:
Ըստ նրա, ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ զորամասերից մեկի շարքային զինծառայող 2015 թվականի դեկտեմբերի 26-ին' ժամը 12:00-13:00-ը «չպահպանելով ՀՀ զինված ուժերի Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 41-րդ հոդվածների պահանջները' հրամանատարի հրամանը անվերապահորեն «ճշտորեն և նշված ժամկետում կատարելու փոխարեն հանդուգն կերպով հրաժարվել է կատարել նույն դիվիզիոնի հրամանատար «մայոր Արմեն Սմբատի Սանթրյանի օրինական և սահմանված կարգով իրեն տրված հրամանը' իրեն հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ «դրանով իսկ հեղինակազրկելով հրամանատարի դերը ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում և խաթարելով պետ հրամանատար-ստորադաս ենթակա սահմանված կանոնադրային հարաբերությունները», որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:
Սերժիկ Ավետիսյանի փոխանցմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի' 2017 թվականի մարտի 13-ի դատավճռով Ռազմիկ Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում' 1 մեկ տարի ժամկետով, 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան' 3 երեք տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի' 2017 թվականի մարտի 13-ի դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանել ու փոփոխել է. Ռազմիկ Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել է ազատազրկման' 1 տարի ժամկետով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ռազմիկ Չանախչյանի պաշտպան Ա. Քարամյանի վճռաբեկ բողոքը օրերս կայացած դատական նիստում բավարարել է: Ամբաստանյալ Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով կայացված դատական ակտերը բեկանվել և փոփոխվել են:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմը զինվորական զանցանքից (ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 31 հոդված) սահմանազատելու վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Բացի այդ, պալատը փաստել է, որ իրավակիրառ պրակտիկայում դժվարություններ են առաջանում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքը նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված՝ հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հանցակազմից տարանջատելու հարցում: