ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք: Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաև հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ: