ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում։ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվում է նոր խմբագրությամբ հաստատել մեկ ստուգաթերթ, որը վերաբերում է մետաղական, օգտակար հանածոների արդյունահանմանը: «Եվ երկրորդ՝ ավելացնել ստուգաթերթերը ևս մեկ ուղղությամբ, այն է՝ արդյունաբերություն, որն իր մեջ ներառելու հիմնականում արտադրության և շինարարության ոլորտը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:
Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. ««Պարոն Մինասյան, ինչ եմ խնդրում, մենք երևի այստեղ ունենք շատ անելիքներ, բայց պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար որևէ խոչընդոտ չստեղծվի, և եթե բիզնեսը նորմալ աշխատում է, լրացուցիչ ադմինստրատիվ լծակ չտանք»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ հենց այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծը: