Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման տարիքի դեռահաս 9000 աղջկանից մարտի 29-ի տվյալներով ընդամենը 383-ն է պատվաստվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Բուժաշխատողները ծնողների հետ մեծ աշխատանք են կատարում, սակայն ոչ մասնագետների կողմից տարածած վախը խոչընդոտում է պատվաստումներին: Նրանք պնդում են, թե իբր պատվաստանյութն առաջացնում է անպտղություն: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Հաճախ ծնողներն ասում են՝ դեռ ժամանակ ունենք, մի քիչ էլ մտածենք: Ամեն դեպքում մենք մեր աշխատանքն իրականացնում ենք»,-ասաց Սահակյանն ու հավելեց, որ իրենք հիմնական շեշտը դնում են բնակչության իրազեկման վրա:
Նրա խոսքով՝ մամուլում տեղ գտած այն միտքը, թե պատվաստումները տապալվեցին, չի համապատասխանում իրականությանը: Պատվաստումը պլանային գործընթաց է: Հաճախ ծնողները գերադասում են սպասել, տեսնել՝ եթե իրենց ծանոթներից մեկի մոտ պատվաստումից հետո որևէ բացասական ազդեցություն չի լինում, պատվաստում են նաև իրենց երեխաներին: «383 պատվաստումների մեծ մասը հենց այդպես է եղել: Ունենք սպասարկման տարածքներ, որտեղ պատվաստումն իրականացվել է 100 տոկոսով»-նշեց ազգային ծրագրի ղեկավարը:
Տարեկան 250 կին հիվանդանում է արգանդի պարանոցի քաղցկեղով: Սակայն նույն պապիլոմա վիրուսն առաջացնում է ոչ միայն արգանդի պարանոցի, այլ նաև կոկորդի, սեռական օրգանների տարբեր քաղցկեղային ուռուցքներ: Սահակյանի փաստմամբ՝ դեպքերի 98 տոկոսում տարբեր երկրներում այդ վիրուսի դեմ օգտագործում են «Գարդասիլ» պատվաստանյութը: Այն կիրառվում է նաև Հայաստանում:
Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները սկսել են իրականացվել 2017-ի դեկտեմբերի 11-ից: Վիրուսի դեմ պետք է պատվաստվեն 13 տարեկան աղջիկները: