Լյուքսեմբուրգում Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման որևէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Որեւէ խոչընդոտ չկա, պարզապես ընթացակարգային հարցեր են. այն ընթացքի մեջ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կասկած չունի՝ նրանք, ովքեր գնացել են համաձայնագրի վերջնական ստորագրման ուղով եւ ստորագրել, իրենց հանձնառություններին հավատարիմ կմնան:
«Սա մի բան է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, ղեկավարությունը մեծ վճռականությամբ են սկսել, եւ կասկած չունեմ, որ մեծ պատրաստակամությամբ եւ ցանկությամբ իրենց մասը կկատարեն: Մենք այն կարողացանք ստորագրել, ինչը շատ լավ է, սակայն ստորագրումը եւ վավերացումը մի հարց է, իսկ արդեն գործնականում դրա իրականացումը՝ մեկ այլ, քանի որ դա պահանջելու է մի շարք ոլորտներում առաջընթացի գրանցում, ես վստահ եմ՝ նրանք, ովքեր պետք է դա անեն, գիտեն՝ թե ինչ եւ ինչպես են անելու, եւ կանեն»,-նշեց Ֆրանկ Էնգելը:
Անդրադառնալով օրերս Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը՝ նա նշեց, որ լավ ճանաչում է հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին եւ վստահ է, որ նա կկարողանա լավ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Շատ լավ կլինի, որ երկու երկրների միջեւ գործարար փոխանակումները շատանան, քանի որ դրանք այն մակարդակի չեն, որ կարող էին կատարելապես լինել, դեռ զարգացնելու տեղ կա, եւ ես վստահ եմ՝ հյուպատոսը կարող է դա կազմակերպել»,-եզրափակեց նա:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Սյուզի Մուրադյան