Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը «հաստատակամորեն ընթանում են դեպի եվրոպական ընտանիքի հետ ինտեգրացում», և վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք է կառուցենք եվրոպական արժեքներին համահունչ հասարակություն՝ հիմնված ազատության իդեալների վրա: Մեր հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը պարզ ու հաստատուն քայլերով շարժվում են դեպի եվրոպական ընտանիք: Այդ մասին են խոսում մեր համաձայնագրերը, քաղաքական գործընթացները և դրա հաստատումը կլինեն եվրոպական ստանդարտներով ընտրությունները, որոնք կկայանան աշնանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով Օպերայի շենքում, որտեղ անցկացվել է Վրաստանում Եվրոպայի օրվան նվիրված գալա-համերգը:
Նախագահն ընդգծել է, որ ապագայում «շատ հաղթանակներ են սպասվում եվրաինտեգրացման ճանապարհին»: «Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, ես դրանում վստահ եմ»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: