Ներկա դրությամբ Ուկրաինան չի կարող լինել Եվրամիության անդամ։ Կովկասի ինստիտուտում «Ուկրաինական ճգնաժամը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. քաղաքականություն և անվտանգություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ուկրաինային ներկա վիճակում կարելի է բնութագրել որպես առանց բռնակի մի ճամպրուկ, և պարզ է, որ ա յսպիսի անհասկանալի և խառը իրավիճակում Ուկրաինան չի կարող իրականացնե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա և հավելեց, որ Ուկրաինան այսօր գտնվում է բավական լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, և Արևմուտքը դժվար թե միջոցներ հայթհայթի Կիևին օգնելու համար։
Նա նկատեց, որ ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, այլև ողջ Ուկրաինայում է հասունանում դժգոհություն, քանի որ տնտեսական լուրջ անկումի հետ մեկտեղ, մոտենում է ցուրտ ձմեռը, իսկ գազի մատակարարման հարցերով Ռուսաստանի հետ կան լուրջ տարաձայնություններ։
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ ուկրաինական ճգնաժամը շատ նման էր 1990-ական թթ. հետխորհրդային տարածքում ծագած ռազմական հակամարտություններին։
«Պետք է նշեմ, որ ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացել է այսպես կոչված «հիբրիդային պատերազմ», որի տեղեկատվական բաղադրիչը շատ հաճախ փոխարինում էր ռազմա-քաղաքականին»,- ասաց նա և հավելեց, որ ուկրաինական ճգնաժամը ապացուցեց, որ փոքրաթիվ և պատրաստված զինված խմբավորումներով կարելի է հաջողությամբ դիմակայել լավ զինված մեծ բանակին։
«Եթե զուգահեռներ անցկացնենք ուկրաինական ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության միջև, ապա շփման գծում ռազմական գործողություններ վերսկսվելու դեպքում, պատերազմը հնարավոր է վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Հայաստանում և Ադրբեջանում առկա ուժերով, իսկ կողմերից մեկի սպառազինության ոլորտում գերակշռությունը կարող է դեր չխաղալ պատերազմի վերջնական ելքի առումով»,- պարզաբանեց քաղաքագետը։