Ուկրաինան առայժմ չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց անհրաժեշտ է դրան նախապատրաստվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Կիևում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներն 99 տոկոսով համընկնում են ՆԱՏՕ-ի պահանջների հետ,- ասել է նա:- Պատրա՞ստ է արդյոք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալ այժմ: Պատասխանն է՝ ոչ: Մեզ հարկավոր է նախապատրաստվել դրան: Պատրա՞ստ է արդյոք ՆԱՏՕ-ն այն բանին, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Ոչ: Բայց իմ երկրին անհրաժեշտ է պատրաստվել դրան»:

 

Իր կողմից Ստոլտենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ն այժմ աշխատում է Ուկրաինայի հետ միասին՝ աջակցելով նրան բարեփոխումների, զինված ուժերի բարենորոգման գործում, որպեսզի նրանք ավելի համապատասխանեն ՆԱՏՕ-ին»:

 

Պորոշենկոն և Ստոլտենբերգը սեպտեմբերի 21-ին Լվովի մարզի Յավորովյան զորափորձարանում բացել են համատեղ վարժանքները:

 

Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև այդ կազմակերպության գործընկեր 34 երկրների փրկարար ծառայությունների շուրջ 1,1 հազար աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: