Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումից հետո այդ մասին ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշեց Մոգերինին:
Նա ընդգծեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մոգերինին ավելացրեց, որ այժմ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկվեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով, պարբերաբար մոնիթորինգ է իրականացվելու համաձայնագրի կատարման աշխատանքների վերաբերյալ:
Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց, որ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում: