Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Մայքլ Բաբայանը՝ գրառմանը կից հրապարակելով Պուշկինի 4 շենքի լուսանկարը, որի բնակարաններից մեկում ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Պուշկի 2/4 շենքը կքանդվի, թե ոչ՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Մշակույթի նախարարությունից: Մեզ հետ զրույցում Պատության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը նշեց, որ շենքը տեղական նշանակության հուշարձան է:

 

«Մեզ մոտ պարզապես նշված է բնակելի շենք, բայց գուցե այնտեղ ապրել է Քաջազնունին: Պուշկինի 2/4 շենքը ներառված է Երեւան քաղաքի հուշարձանների պետական ցուցակում, իսկ հավելված 2-ում տեղափոխման ենթակա հուշարձաններն են: Սա այն ցանկն է, որտեղ հանրային գերակա շահ ճանաչված շենքերն էին՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս: 14 շենք, այդ թվում Պուշկինի 2/4 շենքը, 2004 թվականից այդ ցանկում է: Մշակույթի նախարարությունը բանակցեց կառուցապատողի հետ, որպեսզի շենքը չքանդվի: Թեև սկզբում կառուցապատողն ուզում էր հանել հուշարձանը, բայց բանակցություններից հետո վստահեցրեց, որ ինքը ևս չի ցանկանում շենքը ապամոնտաժել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախարարությունը բոլոր սեփականատերերի հետ բանակցություններ է տանում:

Նշենք, որ հողամասի սեփականատերը Սամվել Մայրապետյանն: Կարո Այվազյանի խոսքով՝ վերջինս այժմ նախագիծ է իրականացնում, ըստ որի՝ շենքը չի ապամոնտաժվելու, բայց նախագիծը դեռևս չի ներկայացրել նախարարություն:

 

Սոնա Հարությունյան