Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանը 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի առնչությամբ խաղաղ ցույց կազմակերպած հայերի, հույների ու քրդերի դեմ հարձակման գործով ձերբակալված երկու թուրքերին դատապարտել է 12 ամիս և մեկ օր ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Washington Times պարբերականը:

ԱՄՆ քաղաքացիներ Սինան Նարինը (45 տարեկան) և Էյուփ Յըլդըրըմը (50 տարեկան) կալանքի տակ էին դեռևս 2017 թվականի հունիսից: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ցուցարարների վրա հարձակման գործով, սակայն վճռել է, որ մեղադրյալներն արդեն իսկ իրենց համար նախատեսված ազատազրկման ժամկետը կրել են, ուստի ամերիկաբնակ թուրքերը դատարանի դահլիճից ազատ են արձակվել:

Բացի այդ, Նարինն ու Յըլդըրըմը դատապարտվել են երեք տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել վճարել 100 ԱՄՆ դոլար հանցանքից տուժածների ֆոնդին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է նման թույլ դատավճիռը խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման դիմաց: «Այս վճիռը պետք է անհանգստացի ցանկացած ամերիկացու: Այսօրվա թեթև դատավճիռը, ի թիվս նրա, որ վարչակազմը հրաժարվում է մեղադրանքների մեծ մասից և հրաժարվում է Էրդողանի թիկնապահների արտահանձնումից, սպառնում է ԱՄՆ-ում բնակվող հայերի կամ ցանկացած այլազգիի առաջնային իրավունքը՝ հայտնելու բողոքը օտար կառավարությունների գործողությունների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ որպես ԱՄՆ քաղաքացիներ՝ իրենց իրավունքն է բարձրացնելու մտահոգությունը ցանկացած՝ թե տեղական, թե արտասահմանյան բռնության որևէ դրսևորման նկատմամբ: Նա մեծ ցավով է արձանագրել, որ դա տեղի չունեցավ Էրդողանի՝ իր իսկ բռնության ռեժիմը Վաշինգտոնի փողոցներ տեղափոխելու պարագայում:

Ուշագրավ է, որ Համփարյանի՝ դատարանի դահլիճից վճռի հրապարակումից հետո արված ուղիղ տեսամիացման ժամանակ նույն վայրում գտնվող մի խումբ թուրք ազգայնականներ իրենց «հրճվանքը» հայտնելով որոշման առնչությամբ, Համփարյանի թիկունքում մատներով «գորշ գայլերի» հայտնի նշանն են պահել:

«Գորշ գայլերի» ներկայացուցիչները թուրքական մոլի ազգայնականության հետևորդներն են: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում 2017 թվականի մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ: