ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու համաձայնագրով Եվրամիության հետ գործընկերության հաստատումը, շեշտադրում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավանդն այդ գործում:
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացում, իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար: Այս իմաստով ցանկանում եմ արժանին մատուցել Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը, պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով'վերջին երեք տասնամյակների ընթացքում վիթխարի աշխատանք է կատարվել Հայաստանում, որում իրենց ավանդն են ունեցել հանրապետության երեք նախագահները' Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
«Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Հակառակ առկա խնդիրներին' սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է»,-նշեց պաշտոնյան' հավելելով, որ Հայաստանը վայելում է համաշխարհային հանրության հարգանքն ու վստահելի գործընկերոջ համբավը:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը, ով հանդիսավոր երդվեց ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: