«Ժամանակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում' երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել' իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը: Մյուս կողմից' երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է' խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել:
Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասել է պատգամավորը: Կասկածից վեր է, որ Արմեն Սարգսյանը համարվում է երկրի չորրորդ նախագահի հիմնական հավակնորդը, և Բաղդասարյանը տողատակով հենց դա է ակնարկել: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ այս լուրը տարածել է «Արմենպրես» պետական գործակալությունը' «Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը» խոսուն վերնագրով: Ինքնին հասկանալի է, որ պետական գործակալությունը չէր կարող նման խոսուն վերնագրով լուր տարածել, եթե նոր նախագահի հարցում չլիներ Սերժ Սարգսյանի վերջնական քաղաքական որոշումը:
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ' ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով' Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն' ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ' սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող:
Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում' թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ' օգտագործելով իր միջազգային կապերը: Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին:
Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից' առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ:
Ինչևէ, Արմեն Սարգսյանը չփայլեց կամային հատկանիշներով, սակայն քաղաքական համակարգում և հասարակության որոշակի շրջանակներում դարձավ պահանջարկված' թերևս «հալածյալի» կերպարի շնորհիվ: Համենայն դեպս, նրա անվան հետ չի ասոցացվում որևէ գաղափար, իդեա: Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:
Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»' նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը' այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից:
Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում