Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին' ժամը 17:00-ի սահմաններում, «Ջրովքեր» կոչվող հանդամասում: «Հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին առավոտյան ուղարկում են հանդ, ժամը 15:30-16:00-ի կողմերը գնում են, որ բերեն, լավ է, որ այդ պահին իրենք կենդանիների մոտ չեն եղել, մի քիչ հեռու են եղել»,-ասաց Նարեկ Սահակյանը:
Նրա խոսքով' սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող մեկ կով, երկուսն էլ հարկադիր մորթի է ենթարկվել: Վնասվել են Ալբերտ Միքայելյանի կովն ու Անուշավան Ավագյանի մոզին: «Վերջիններս հույս ունեն, որ կենդանիները կապրեն, բայց եթե վատթարանա վիճակը, կրկին հարկադիր մորթի կենթարկվեն»,-հավելեց համայնքի ղեկավարը:
Հարցին ի պատասխան, թե հնարավոր է նյութական վնաս կրած գյուղացիներին փոխհատուցեն' Նարեկ Սահակյանն ասաց, որ վնասի չափն արդեն ներկայացրել է համապատասխան մարմիններին: «Մենք մինչև հիմա նյութական ինչ վնաս ունեցել ենք 2014-ից հետո, երբ սահմանին ավելի է լարվել իրավիճակը, կառավարությունն ու մարզպետարանը միշտ բնակչներին փոխհատուցել են: Համապատասխան մարմիններին արդեն ներկայացրել ենք կրած վնասի վերաբերյալ: Շուկայական արժեքով, որ հաշվում ենք, Սուրիկ Ալեքսանյանը 600 հազար դրամի վնաս է կրել»,-հայտնեց Նարեկ Սահակյանը:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Նարեկ Սահակյանն ասաց, որ այս օրերին սահմանամերձ այլ համայնքների ուղղությամբ կրակոցներ եղել են, իրենց մոտ տարին համեմատաբար խաղաղ է սկսվել: «Սա իմ անձնական կարծիքով դիտավորյալ գույքի վնասում է: Աստված մի արասցե, կարող էին նաև գյուղացու վրա կրակել, բայց սա դիտավորյալ գույքի վնասում է, երբ փորձում են գյուղացուն կտրել եկամուտի միջոցից»,-եզրափակեց Բաղանիսի ղեկավարը: