Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փորձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շենգենյան համաձայնության երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիայի Հանրապետություն կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նույն գործառույթների իրականացման արդյունքում բացահայտվել են նաև կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետությունում անօրինական միգրանտների գտնվելը և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալը կազմակերպելու դեպքեր։ 

Հիշյալ դեպքերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված քրեական գործերով անօրինական միգրացիայի կազմակերպման կամ դրան օժանդակելու մեղադրանքով 33 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության 25 և օտարերկրյա պետությունների 8 քաղաքացիներ։ Նրանցից 19-ի վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 12-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ առավել տարածված են եղել հատկապես դեպի Շենգենյան համաձայնության երկրներ և Թուրքիայի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերը։ Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շահադիտական նպատակներով՝ 350-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց, տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտոնագրերը, կացության քարտերը կամ անձնագրերը Հայաստանում, իսկ գերակշռող դեպքերում՝ օտարերկրյա պետություններում կեղծելով։ Առանձին դեպքերում անօրինական միգրանտների ելքը Հայաստանի Հանրապետությունից կազմակերպվել է պետական սահմանի անցման կետերը շրջանցելու եղանակով։

Բացահայտված դեպքերից մեկով անդրազգային հանցավոր խմբի անդամները, համապատասխան վարձատրության դիմաց, Հայաստանի տարածքն օգտագործել են Թուրքիայից արտաքսված Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների վերադարձը նույն երկիր կազմակերպելու նպատակով։

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործող հանցավոր խմբի անդամների մշակած ծրագրի համաձայն՝ Թուրքիայից իրենց ծագման երկրներ արտաքսված միջինասիական հանրապետությունների քաղաքացիներն իրենց օրինական անձնագրերով, օդային տրանսպորտով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց լուսանկարներով պատրաստվել են ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր։ Այնուհետև հիշյալ օտարերկրացիները, «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացնելով իրենց օրինական անձնագրերը, հանցավոր խմբի անդամի ուղեկցությամբ մեկնել են Ստամբուլ, որտեղ ներկայացրել են վերջինիս կողմից իրենց հանձնված ՀՀ քաղաքացու հիշյալ կեղծ անձնագրերը և նման եղանակով մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն:

 

Հանցավոր խումբը նույն եղանակով նախաձեռնել է նաև Թուրքիայից արտաքսված միջինասիական երկրների ևս երկու քաղաքացիների տարանցումը Հայաստանի տարածքով, որը, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ խափանվել է. 2018 թվականի հունվարի 15-ին անօրինական միգրանտներն ու նրանց ուղեկցող ՀՀ քաղաքացին՝ վերջիններիս լուսանկարներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրերով, ՀՀ պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկվել։ 

Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և Հայաստանի Հանրապետության տարածքով երկու կամ ավելի անձանց տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակեր-պելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդ-վածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր խմբի երեք անդամների։

Նույն ժամանակահատվածում բացահայտված՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում կացություն հաստատելու նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերից մեկի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Է.Մ-ն, համապատասխան վարձատրության դիմաց, օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով պահանջվող աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները հավաստող փաստաթղթային հիմքեր ստեղծելու համար, 2016-2017 թվականների ընթացքում վերջիններիս անվամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցել է շինծու կազմակերպություններ կամ նրանց հետ կնքել աշխատանքային ձևական պայմանագրեր, որոնք այնուհետև ներկայացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, և դրանց հիման վրա այդ օտարերկրացիներին տրվել է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ։

Հիշյալ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության 8 և Ուկրաինայի 1 քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, Է.Մ-ի գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ևս 32 կազմակերպությունների կնիքներ, որոնց օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են տրվել ևս 40 օտարերկրացիների, հիմնականում՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի քաղաքացիների։ 

Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ հասարակական և ազգային անվտանգությանն ու տնտեսական կայունությանը սպառնալիք ներկայացնող անօրինական միգրացիայի բոլոր դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունը, ակտիվ ներգրավված լինելով միջազգային պայմանագրերից բխող՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով մշակված համատեղ ծրագրերում, մշտապես համագործակցել է այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ, ապահովել է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում անօրինական միգրանտների մուտքի, ելքի և տարանցման երկրների իրավասու մարմինների հետ։ 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ տարվող պայքարը կրում է հետևողական բնույթ, նմանօրինակ դեպքերը կանխելուն, ուղիները խափանելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվելու են շարունակաբար, իսկ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության միջոցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։