«Հրապարակ» թերթը գրում է․

Բարձրագույն դատական խորհրդի՝ նախօրեին կայացրած առաջին որոշումներից մեկով սահմանվել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ 65-ամյա Անատոլի Մաթեւոսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Թե ինչով է զբաղվելու Մաթեւոսյանը, դեռ հայտնի չէ, բայց արդեն կան նրա պաշտոնի հավակնորդներ․ Արսեն Մկրտչյանը եւ Գագիկ Խանդանյանը:

 

Արսեն Մկրտչյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, տարիներ ի վեր աշխատել է համակարգում՝ օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, դատավոր, որոշ ժամանակ էլ՝ արդարադատության փոխնախարար: Նրա թիկունքը տարիներ ի վեր համարվել է Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս՝ նախարարի պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց Մկրտչյանը կրկին վերադարձավ դատական համակարգ:

Մյուս թեկնածուն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն է՝ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին: Խանդանյանը հին դատավոր է, նա ուզում էր ԲԴԽ կազմում ընտրվել, սակայն ձայները չբավականացրին: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ դատարանի նախագահներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ ԲԴԽ-ի կողմից, առանց վերանշանակվելու իրավունքի: Այսինքն՝ ամեն ինչ արել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հասցնեն ճաշակել հնարավորինս շատ անձինք, եւ նույն անձը տարիներով չմնա այդ պաշտոնին: