ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր հավակնորդները պետք է մտավոր ունակության թեստ հանձնեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նշել է, որ ներկա նախագահ Ջո Բայդենը հազիվ թե կարողանա անցնել նման ստուգումը։
«Ես հենց նոր բուժզննում եմ անցել։ Եվ ես կոգնիտիվ քննություն եմ հանձնել, կարծում եմ, որ իրականում, եթե առաջադրվում ենք նախագահի պաշտոնում, պետք է անենք դա [մտավոր ունակությունը ստուգել], այդ տղան [Բայդենը] չի կարող հանձնել կոգնիտիվ քննությունը»,- չորեքշաբթի ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ընտրողների առջեւ Այովայի նահանգում։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Նիկի Հեյլին եւս կողմ է արտահայտվել այս առաջարկին։
Բայդենը, որի 81 տարին լրացավ 2023թ. նոյեմբերին, հաճախ հայտնվում է անհարմար վիճակներում եւ իր հրապարակային ելույթներում տարբեր վրիպումներ է թույլ տալիս, որոնք ԱՄՆ-ում կատակով անվանում են «բայդենիզմներ»։ Հանրապետականները դա օգտագործում են միջկուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի՝ Միացյալ Նահանգների ղեկավարումը շարունակելու մտավոր եւ ֆիզիկական ունակությունները։