Բիթքոին էլեկտրոնային արժույթը շարունակում է մնալ ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում: Թե ի վերջո` ինչ է բիթքոինը, որքա՞ն ակտիվությամբ են սկսել զբաղվել բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաներով և որքանո՞վ է այն «ներխուժել» հայկական շուկա, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի իստիտուտի գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանից:

«Կրիպտոարժույթը, բիթքոինը վիրտուալ փող է, որը ֆիզիկական իմաստով գոյություն չունի, սակայն հնարավորություն է տալիս մարդկանց՝ առանց խոչընդոտների գործարքներ կատարել: Տեխնոլոգիաներն աչքի են ընկնում իրենց արագությամբ և զարգացման միտումներով»,- նշեց նա՝  ընդգծելով, որ ստեղծվել է տեխնիկական մի համակարգ, որը միշտ լավ է աշխատում: 

 

Խոսելով համակարգի առավելությունների ու թերությունների մասին՝ Աբրահամյանը մատնանշեց դրանցից մի քանիսը. «Համակարգն աշխատում է առանց որևէ կենտրոնի կողմից ղեկավարման: Այսինքն, ինչ-որ մեկը ինչ-որ պահի չի կարող որոշել, որ պետք է անջատել համակարգը, ինչպես օրինակ՝ վիզաների դեպքում: Եթե որոշեն անջատել համակարգը, ապա բոլոր վիզա քարտերը չեն աշխատի: Իսկ կրիպտոարժույթների դեպքում նման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ այն անխափան է աշխատում: Թափանցիկ է այն առումով, որ միշտ երևում է յուրաքանչյուրի արած գործարքը, սակայն թափանցիկ չէ, քանի որ չի երևում, թե ով է գործարք իրականացնող անձը»,- ասաց Աբրահամյանը:

Հարցին՝ ի՞նչ շանս ունի Հայաստանում կրիպտոարժույթի տարածումը, Աբրահամյանը պատասխանեց.

«Տենդենցը գնում է նրան, որ կրիպտոարժույթը բոլոր երկրներ է մտնում: Մի շարք երկրների կողմից արդեն պաշտոնապես ընդունվել է և Հայաստանն էլ անմասն չի մնացել դրանից, քանի որ այստեղ ևս հետաքրքրված են նոր տեխնոլոգիայով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաները զարգացման լայն հնարավորություն ունեն: 

Անդրադառնալով Հայաստանում կրիպտոարժույթի արտադրության զարգացմանն ուղղված  «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից 2 միլիարդ դոլարի ներդրում անելուն՝ Սերգեյ Աբրահամյանը դրական գնահատեց, քանի որ այն կնպաստի նոր համակարգի տեխնիկական մասի զարգացմանը: Ըստ նրա՝ թեև ներդրումը կրիպտոարժույթի հետ կապ չունի, սակայն դա արվում է համակարգեր գնելու համար, որը կնպաստի կրիպտոարժույթի լավ աշխատանքին: Այսինքն, ներդրումը ոչ միայն աշխատատեղերի խնդիր կլուծի, այլև միտված կլինի կրիպտոարժույթի տեխնիկական մասի զարգացմանը: