2015-ը թեպետ հաջող չեղավ տնտեսական առումով, սակայն մարզական առումով՝ պատկերն այլ է: Մեր մարզիկները տարբեր մարզաձևերում շարունակեցին գրանցել հաջողություններ, նվաճել մեդալներ՝ բարձր պահելով Հայաստանի ու հայերի պատիվը: Եվ ուրախալի է նաև այն, որ սպորտը Հայաստանում՝ շնորհիվ ոլորտը ներկայացնող մարմինների, մասնավորապես ՀԱՕԿ-ի և նրա նախագահի, նաև մեր տաղանդավոր մարզիկների, ոչ միայն առաջընթաց է ապրում, այլ նաև այդ առաջընթացը գնահատվում է հանրության և երկրի ղեկավարության կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից տարվա լավագույն 10 մարզիկներին և Հայաստանում սպորտի զարգացման գործում ծառայություններ մատուցած ու ներդրում ունեցած գործիչներին ու պաշտոնյաներին պարգևատրելու արարողությունը դրա լավագույն ապացույցներից էր:

 

Անկախ երկրում առկա ներքաղաքական վիճակից՝ սպորտը միշտ եղել է այն ոլորտը, որն անկում չի ապրել, վեր է եղել այդ ամենից, նույնիսկ միավորել է ազգին, քանի որ մեր մարզիկների հաջողությամբ հավասարապես ուրախացել և հպարտացել են բոլոր տեսակի քաղաքական կողմնորոշում ունեցող մեր հայրենակիցները: Եվ այստեղ անհնար կլինի անտեսել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը, մեծ ներդրումը Հայաստանում սպորտը զարգացնելու գործում, քանի որ յուրաքանչյուր աշխատանքի մասին խոսում են ցույց տված արդյունքները, իսկ ՀԱՕԿ-ի աշխատանքի արդյունքներն այնքան տեսանելի են, որ պարզապես անհնար է չնկատել: Եվ այստեղ պետք է հատկապես կարևորել, որ մեր Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է մարզական լուրջ անցյալ ունեցող գործիչ, ինչն առավել ուժեղացնում է նրա նվիրումն իր կատարած աշխատանքին: Նաև նյութական մեծ ներդրումները, որոնք արվում են Ծառուկյանի կողմից ոլորտը զարգացնելու համար, նույնպես չեն կարող իրենց դրական արդյունքը ցույց չտալ: Այս ամենին պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ մեր երկրում սպորտը գտնվում է նաև Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում:

 

Հուսով եմ, 2016-ին ավելի շատ առիթներ կունենանք հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով: Համենայն դեպս, ոլորտի մարմինների տեսանելի որակյալ աշխատանքը, ինչպես նաև մեր մարզիկների ուժեղ ու անկոտրում ոգին թույլ են տալիս նման ակնկալիքներ ունենալ:

 

 

Կարեն Վարդանյան