Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դիտորդական առաքելության ներկայացուցիչները սկսել են խոսել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպտագույն խախտումների վերաբերյալ լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:
«Մի ստեք, դա ճիշտ չէ»,-բղավել է իշխանամետ լրագրողների խումբը:
Ի պատասխան ադրբեջանցի լրագրողների անօրինական և ամբարտավան պահանջին, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ներկայացուցիչները դադարեցրել են մամուլի ասուլիսն ու լքել դահլիճը:
Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են մամուլի սրահ և հայտարարել, որ ասուլիսն ավարտված է:
ԵԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով և ցանկացած լրագրող կարող է օգտվել դրանից: