ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 15-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, «ԿամԱԶ մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Լադա-21013» մակնիշի 34 TO 011 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի, ինչի հետևանքով «Լադա-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Փ.-ը տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լադա-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: