Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ոստիկանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են եւ իրենց դրսեւորման պարագայում առերեւույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին եւ որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»: