ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութի հետ:
«Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտնաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝
Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:
Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը:
Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»: