Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խանջյան փողոց և Վարդան Մամիկոնյանի արձանի հատվածում փակեցին փողոցը: Նրանք նստեցին Վարդանանց-Խանջյան խաչմերուկի երթևեկելի հատվածում:

Երթի մասնակիցները Խանջյան փողոց են հասել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա, այնուհետև Մաշտոցի պողոտայով, Կորյունով, Չարենցով, Հերացու խաչմերուկով քայլելուց հետո:

 

Մինչ այդ ոստիկանության ներկայացուցիչները կարողացել էին Հերացու հատվածից հեռացնել փողոցում նստած և երթևեկը խաթարած անձանց:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:
 
Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում: