Երևանում Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձ են արել փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ոստիկանները պահանջեցին հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չենթարկվեցին:

Ոստիկանների ու հավաքվածների միջև հրմշտոց սկսվեց, որը կարճ ժամանակ անց հանդարտվեց:

 

Ներկայում մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Նրանք ամեն կանաչ լույսի ժամանակ դանդաղ անցնում են փողոցը: Երթևեկությունն այստեղ կանգնած չէ, սակայն տեղի է ունենում մեծ դժվարությամբ:

Նշենք, որ հավաքվածներին է միացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: