Մարմնակողմնորոշիչ թերապիան անհատին հնարավորություն է տալիս ազատվել մարմնի պատյաններից՝ դրանով իսկ լուծելով բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, ապահովել անձնային աճ, բացահայտել և արթնացնել հսկայական էներգիա, ռեսուրսներ, վերագտնել ներդաշնակության, երջանկության և սիրո վիճակը:
«Մարմնակողմնորոշիչ թերապիա» ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 18-ին՝ «Մադաթյան» հոգեբանական կենտրոնում:
«Երբ այցելուն գալիս է հոգեբանի մոտ և դժվարանում է բառերով արտահայտել իր խնդիրը, հոգեբանը մարմնակողմնորոշիչ թերապիայի միջոցով, այսինքն, նայելով այցելուի մարմնին, ախտորոշում է այն, գնահատում մարմնի լարվածությունը: Այդ մկանային լարվածությունը փաստում է, որ անհատն ունի հուզական ապրումներ, որոնք չի արտահայտել, ինչն էլ հանգեցրել է խնդիրների: Դրանք կարող են անգամ սոմատիկ հիվանդություններ առաջացնել»,-նշեց հոգեբանական կենտրոնի հոգեբան, մարմնակողմնորոշիչ հոգեթերապևտ Աննա Դարբինյանը:
Նա հավելեց, որ մարմնակողմնորոշիչ թերապիան ուղղված է անհատի խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը:
Շնորհանդեսի մասնակիցներին ընդհանուր տեղեկություն տրվեց վերոնշյալ ուղղության մասին: Ցուցադրվեցին նաև մարմնակողմնորոշիչ թերապիայի մաս կազմող մի շարք վարժություններ, որոնց միջոցով կարգավորվում է մարմնի այս կամ այն հատվածի խնդիրը:
Հոգեբանի խոսքով` հոգեթերապևտիկ ուղղությունը հնարավորություն կտա բարձրացնել մարդու ինքնագնահատականը, վերարժևորել կյանքը, փոխել սկզբունքները: «Այն հրաշալի ծրագիր է նաև հղի կանանց հետ աշխատելու համար, քանի որ նրանք կարող են առանց դեղորայքի տարբեր վարժությունների օգնությամբ խուսափել լարվածությունից, ստրեսներից»,-եզրափակեց Դարբինյանը:
Ծրագիրը շարունակաբար կիրառվելու է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնում: