Ճանաչել, հիշել և դատապարտել. այս սկզբունքներով առաջնորդվելով «Պանարմենիան ֆոտո»-ի և U!com ընկերության կողմից կյանքի է կոչվել recognize1915.am և «99» գիրքը:
Ինչպես գիրքն, այնպես էլ կայքը, նպատակ ունեն ամբողջ աշխարհին հիշեցնել 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի կատարած ցեղասպանությունը:
Գիրքը հեղինակ չունի, նախագծի ղեկավարըՎահան Ստեփանյանն է: Գիրքն իրենից ներկայացնում է նյութերի հավաքածու, որը «Պանարմենիան ֆոտո»-ի կողմից հավաքվել է մոտ 3 տարվա ընթացքում: «Գրքում առկա նյութերը տարբեր են, սակայն նրանց միացնող միակ բանն այն է, որ, մեր կարծիքով, ցանկացած հայ պետք է իմանա ցեղասպանության մասին: Գիրքը դեռևս տպագրված է հայերենով, սակայն մի քանի մասից կլինի նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները: Գրքի տպաքանակը սահմանափակ է և այն չի վաճառվի, սակայն մեկ ամսվա ընթացքում կլինի գրքի էլեկտրոնային տարբերակը, որը հնարավոր կլինի ներբեռնել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Վահան Ստեփանյանը: Վերջինիս խոսքով` գրքում կան նյութերի բոլոր ուղղությունները, թե Արևմտյան Հայաստանով շրջագայած մարդու օրագրից հատվածներ, թե վերապրածների հուշեր, մարդիկ, ովքեր կարող էին հստակ ներկայացնել ամեն բան:
U!com ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը պետք է ամբողջությամբ ճանաչելի դարձնել 1915 թվականը:
«Ստեղծել ենք մի կայք, որի միջոցով ցանկացած օգտատեր իր էլեկտրոնային փոստի դրոշմակնիք է դնում recognize1915 և ցանկացածին նամակ ուղարկելուց այդ դրոշմակնիքը հասնում է նրան: Մեր նախաձեռնությունն ուղված է վառ պահելու կատարվածի մասին մեր և համաշխարհային հասարակության հիշողությունը»,-նշեց Եսայանը:
U!com ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի խոսքով` ցեղասպանության հարցը միշտ ցավոտ է եղել յուրաքանչյուր հայի համար: «Ցավոք, շատերն այժմ հայտարարում են, որ չեն ուզում դրա մասին լսել, մյուսներն ասում են, որ իրենք տոլերանտ են և կարծում են, որ այժմ թուրքերն այլևս այն թուրքերը չեն, ինչ-որ եղել են այն ժամանակ: Այս ամենի պատճառը շատ դեպքերում ցեղասպանության մասին թյուրըմբռնումն է և ինֆորմացիայի պակասը»:
Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում: