Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բացահայտում է հայ զինվորականության 4-5-րդ դարերի պատվո վարքականոնը՝ իր հիմնադրույթներով։ 

«Հայկական բանակն ունի մեծ, հին պատմություն և անընդմեջ գոյություն, այն ունեցել է նաև իր գաղափարախոսությունը, բարոյահոգեբանական հաստատուն արժեհամակարգը և զինվորականության վարքականոնը, որտեղ ամփոփված էր այդ արժեհամակարգը։ Գրքում ցույց է տրված ինչպես 4-5-րդ դարերում մեր գրավոր աղբյուրներում պահպանված պատվո վարքականոնի ամբողջությունը` իր հիմնական դրույթներով, իր ճյուղավորումներով, այնպես էլ` դրա որոշակի զարգացումները և ընթացքը, որը հասնում է մինչև նոր ժամանակներ»,- ասաց Այվազյանը։ 

Ինչպես ինքը՝ հեղինակը նշեց, գրքի թիրախային լսարանը ամբողջ հայ ժողովուրդն է, քանի որ բոլորին է վերաբերում զինվորական արժեհամակարգը։

 
 

Գրքի շնորհանդեսի օրը խորհրդանշական էր․ այն տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տարելիցին։ Ներկաների շարքերում էին ոչ միայն  արվեստի ներկայացուցիչներ, այլև զինվորականներ, քահանաներ և այլք։