Հենց այս օրերին լրանում է օսմանյան զորքերի դեմ Երևանի պաշտպանության 300-ամյակը։ Այդ կապակցությամբ պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը պատրաստել է «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24 — սեպտեմբերի 23)» մենագրությունը, որի շնորհանդեսը կայանալու է ս.թ. սեպտեմբերի 17-ին̀ ժամը 13:00-ին, «Գրանդ հոթել Երևան»-ի Օվալային մեծ սրահում։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու այդ միջոցառմանը։
Գրքում պատմական աղբյուրների մանրակրկիտ վերլուծության հիման վրա բացահայտվում են Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրությունն ու ընթացքը։ Մասնավորապես, ճշտվում են հիմնական մարտերի օրերն ու վայրերը, հակամարտող ուժերի թվակազմն ու կորուստները, գլխավոր հրամանատարների անունները, հայոց զորահավաքի առանձնահատկություններն ու հայկական աշխարհազորի կառուցվածքը։ Հաշվարկվում է քաղաքում և շրջակա գյուղերում բնակվող հայության ու մահմեդականների թվաքանակը։ Բացի այդ, լուսաբանվում են տարածաշրջանում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունը, միջէթնիկական և միջկրոնական փոխհարաբերություններն ու խճճված դաշինքները, ինչպես նաև հարակից այլ պատմական հանգամանքները։