Վերջին օրերին «Իմ քայլը» նախաձեռնության անդամները պնդում են, որ հավաքներին փորձում է խանգարող գործողություններ իրականացնել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով առավել հայտնի է Շմայս մականվամբ: Ըստ նրանց՝ վերջինս սադրիչ երիտասարդների է ուղարկում՝ խաղաղ ցուցարարների հետ վեճի բռնվելու համար: Ի դեպ՝ երեկ էլ բողոքի ակցիայի մասնակիցները նախկին պատգամավորին տեսել էին Բաղրամյան պողոտայի ոստիկանական արգելապատնեշից այն կողմ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Առաքել Մովսիսյանի «ակտիվ աշխատելու» պատճառն այն է, որ նրան խոստացել են ստեղծված իրավիճակից հետո կամ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, կամ պաշտոն ԱԱԾ-ում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցցի հետ զրույցում, Առաքել Մովսիսյանը, խոսելով վերջին օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող հավաքների մասին՝ ասաց.
«Մի քանի օր՝ երկրի լավ բաներից հետ ենք ընկնում: Անշնորհքություն են անում, խանութները, ճանապարհները փակում են, խեղճ ժողովուրդը չի կարում խանութներից առևտուր անի: Անշնորհքություն են անում. ժամանակի վրա են աշխատում, էդ ա»,- նշեց նա:
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորել էր «չտրվել Շմայսի բրիգադների սադրանքներին»։ Նա նշել էր, որ հանրապետական Առաքել Մովսիսյանը մարդիկ է ուղարկել՝ հավաքի խաղաղ բնույթը խաթարելու համար, իսկ Մովսիսյանն էլ իր հերթին ասել էր. «Նիկոլին ասեք՝ թրաշվի»: Սակայն սրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Առաքել Մովսիսյա՛ն, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե չէ, ու երբ կթրաշվեմ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»:
Անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, Մովսիսյանն ասաց. «Ի՞նչ ա նշանակում ընդդիմադիրներ: Դպրոցի երեխեքին բերել տանջամահ են անում, բերել, գցել են միտինգների մեջ. էդի ընդդիմադիր ա կոչվո՞ւմ, խի՞ են երեխեքի հոգին պղտորում»,- ասաց նա:
Մովսիսյանը նաև հերքեց տարածված լուրերն այն մասին, ըստ որի՝ լավ աշխատելու դեպքում նրան պաշտոն են խոստացել. «Ըտենց բան չկա, սուտ բաներ են: Տեղյակ չեմ ոչ մի բանից, ոչ էլ նման հարց եմ քննարկում, ոչ էլ ինձ, հազար տարի, որևէ տեղ պաշտոն ա պետք: Հոգնել ու զզվում եմ պաշտոնից»,- ասաց նա՝ նույնքան հոգնած անջատելով հեռախոսը: