Օրերս ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ (հերթափոխի պետ) է նշանակվել Դավիթ Մկրտչյանը: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:Պարզվում է՝ հերթափոխի նորաթուխ պետը ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մտերիմն է, ավելի կոնկրետ՝ կուրսընկերը, և ըստ տեղեկությունների՝ հենց նա էլ միջնորդել է ընդամենը 2 տարվա փորձ ունեցող Դավիթ Մկրտչյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում:
Նկատենք, որ այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում շարունակվում է նախկին վարքուբարքը, իսկ լոզունգը՝ «հիմա նման բան լինել չի կարող», այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:
«Նախքան հեղափոխությունը ես ուզում էի այդ տղային նշանակել ավագ տեսուչ, պարզապես տարիների ստաժն էր խնդիրը, սպասեցի որոշակի ժամանակ անցնի՝ նոր: Գիտեմ՝ ում հետ են կապում նշանակումը, բայց դա ինձ բացարձակ չի հետաքրքրում: Եթե նայենք անձանց հետ կապերը, ուրեմն պետք է նախօրոք նայեք՝ ում հետ ազգակցական կապ ունի, եթե լավ աշխատող է, չնշանակե՞նք: Ես բացարձակ չեմ ուսումնասիրել և այդ փաստական հանգամանքն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ինքը շատ պատրաստված աշխատակից է: Սեփական դիմումի համաձայն է նշանակվել աշխատանքի մինչև հեղափոխությունը, և ցանկացած անձ իրավունք ունի մեկ աստիճան բարձրանալու և իմ հրամանով նշանակել եմ ավագ տեսուչ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Հետաքրքրվեցինք՝ ավագ տեսուչի թափուր պաշտոնի համար դիմողները քանի՞սն են եղել, Բիչախչյանը պարզաբանեց. «Չեն դիմում, Անձնագրային վարչության ղեկավարն է որոշում՝ ում նշանակել կամ չնշանակել: Այս պահին ես գտել եմ՝ իր պատրաստակամության մակարդակը բարձր է և նշանակել եմ իրեն: Եթե որևիցե անձ ներսից դժգոհություն ունի, կխնդրեմ գալ, բողոքարկել, և մենք ուսումնասիրություն կանցկացնենք, թե ո՞վ է նրանցից ավելի պատրաստված»,- նշեց Անձնագրային և վիզաների վարչության պետը:
Նշենք, որ նախկին ավագ տեսուչն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ու անցել թոշակի։
Սոնա Հարությունյան