Ապրիլի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ, միաբանական հանդիպում է տեղի ունեցել Անթիլիասի Մայրավանքում:

Վեհափառ Հայրապետը ընդհանուր առմամբ ներկայացրելլ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա շեշտել է, որ մեր եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, սոսկ դիտողի կարգավիճակով տեսնել Հայրենիքում առաջացած ներկա բողոքի ու ընդվզումի արտահայտությունները։ Հայրենիքը ժողովրդինն է, եկեղեցին ժողովրդինն է։ Հետևաբար, ժողովրդի իրավունքների պաշտպանությունը եկեղեցու կոչումն է՝ միշտ օրենքի սահմաններում և ելնելով Հայրենիքի գերագույն շահերից։

 

Ապրիլի 24-ի նախօրեին, Սուրբ Աթոռի միաբանությունը շեշտել է օրվա նվիրականությունն ու խորհուրդը անաղարտ պահելու հրամայականը՝ հատկապես հիշեցնելով, թե Ապրիլի 24-ը սովորական օր չէ մեր ժողովրդի համար. մեր նահատակներին հիշելու, նրանց սրբազան հիշատակը մեր զավակներին ու աշխարհին հիշեցնելու նվիրական օրն է: Աշխարհը մեզ է նայում: Հետևաբար, հարկ է հարգել և արժևորել Ապրիլի 24-ի խորհուրդը:

Վեհափառ Հայրապետն ու միաբանությունը կոչ են անում մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ Ապրիլ 24-ի օրը հեռու մնալու ներքին լարվածություն առաջացնող քայլերից և հարգել մեր նահատակների հիշատակն ու պատգամը։