ՀՀ ֆինանսների նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ, որոնք կարող են բացասաբար ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են նաև ազդել համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ Հայաստանի տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա:

«Վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում:

 

Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: