Երևանի քաղաքապետարանը կարևորում է ապրիլի 19-ից մեկնարկած Երևան-Լիոն-Երևան կանոնավոր չվերթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն ասաց, որ Երևանն ու Լիոնը վաղեմի կապեր ունեն: «Այս տարի մենք նշում ենք համագործակցության 26-ամյակը: Այդ համագործակցությունը հիմնված է ոչ միայն մեր բարեկամության վրա, այլև հստակ ծրագրային համագործակցության վրա: Այս չվերթի բացումը լայն հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության զարգացման համար»,-ասաց նա:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն էլ հավելեց, որ Ֆրանսիան ողջունում և իր գոհունակությունն է հայտնում կանոնավոր չվերթի մեկնարկի հետ կապված: «Հեռահաղորդակցության այս կապերը գալիս են ևս մեկ անգամ սերտացնելու Հայաստան-Ֆրանսիա կապերը: Մանավանդ՝ այնպիսի մի իրադարձային տարում, ինչպիսին 2018 թվականն է, որի ընթացքում նախատեսված է համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Մենք ցանկանում ենք, որ այս գիծը երկար կյանք ունենա»,-ասաց Ֆլեշերը: