Ցանկացած ներքաղաքական լարվածություն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ սովորաբար արտաքին աշխարհի ներդրողները, ֆինանսական աշխարհի մասնակիցները վտանգ տեսնելու դեպքում, աշխատում են զգուշավարություն ցուցաբերել: «Մեր երկրի տնտեսության արդյունավետ կառավարման համար կարևոր է ներքին կայունությունը»,-ասաց պաշտոնյան:
 
Հարցին, թե հնարավոր է այս իրադարձություններից հետո ներդրումների ակտիվություն նկատվի՝ Վարդան Արամյանը նշեց, որ զարգացումները դա ցույց կտան: «Ներդրողները սովորաբար պահպանողական վարքագիծ ունեն, հետևում են, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում, ինչ բարեփոխումներ են իրականացվում: Արձանագրենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում առաջին քայլն արեցինք. միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունները մեր երկրի տնտեսությանն ու կառավարությանը դրական վարկանիշ տվեցին: Եվ մենք արձանագրեինք, որ ունենք դրական զարգացումներ, ինչն առաջին քայլն էր, որ ներդրողներին դրական ազդակ փոխանցվի: Եթե այսպիսի լարվածություն չի լինում, ներդրողներն ավելի վստահ են լինում»,-ավելացրեց Վարդան Արամյանը՝ հույս հայտնելով, որ այս պահից այն կողմ Հայաստանում լարվածությունը կթուլանա, կլինեն կառուցողական քննարկումներ:
 
Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս ընթացքում տուժել է նաև երկրի տնտեսությունը. Հայաստանի դոլարային պարտատոմսերը գրանցել են վերջին 10 ամիսների ամենացածր ցուցանիշը: