Վաղ առավոտից կաթվածահար է եղել հանրապետության գրեթե բոլոր ճանապարհների երթևեկությունը: Թե՛ մարզերում, և թե՛ Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը: Հավաք-երթի մասնակիցները Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո պահանջում են նաև Կարեն Կրապետյանի և ամբողջ ՀՀԿ կուսակցության հրաժարանականը:

Քաղաքացիները վանկարկում են. «Նի-կոլ, վարչապե՛տ, մերժե՛լ ՀՀԿ-ին»:

 

Երեւանում այս պահին նրանք փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Երևան-Էջմիածին ավտոճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ ոտքով են գնում դեպի օդանավակայան:

Ցուցարարները փակել են նաև Չարբախ տանող ճանապարհները: Դրանք փակվել են բեռնատարներով, մարդատար մեքենաներով: 

«Դալմա» առևտրի կենտրոնի ճանապարհը ևս փակ է: Ցուցարարների թվում են նաև «Դալմա» մոլի աշխատակիցները: Ոստիկաները փորձում էին բացել հարակից փակ ճանապարհները՝ պատճառաբանելով, թե իրենք աշխատանքի են ցանկանում գնալ: Ճանապարհը փակողներն էլ նշեցին՝ մինչև չնստեն մեքենաները, ճանապարհը չեն բացի: Ոստիկանները մի փոքր դիմադրությունից հետո համաձայնեցին առաջարկի հետ:

Մաշտոցի պողոտայում երթով դեպի Հանրապետության հրապարակ են շարժվում Ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Հանրապետության հրապարակը եւս բազմամարդ է: 

Մարդկանց մեծ երթը շարունակում է շարժվել դեպի Էրեբունի թանգարան: