Մայիսի մեկին սպասվող վարչապետի ընտրությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Թավշյա հեղափոխության և սպասվող քաղաքական հանգուցալուծումների շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, գնահատեք խնդրեմ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Թավշյա հեղափոխությունն ու այս շարժման ճանապարհային քարտեզը:

 

-Թավշյա հեղափոխությունը կարող ենք արդեն համարել կայացած փաստ։ Փաշինյանն ու իր թիմը կարողացան խորը քնից արթնացնել հասարակության զգալի հատվածի, որն, ընդունելով տարերային բնույթ, վերաճեց համաժողովրդական ընդվզման։ Որպես ճանապարհային քարտեզ` միանշանակ կենսունակ ծրագիր է առաջ քաշվել, սակայն, ակնհայտ է, որ ՀՀԿ-ցանկանում է տապալել ժամանակավոր վարչապետի ընտրությունները երկու անգամ, այնուհետև ցրել խորհրդարանը։ ՀՀԿ-ն գիտակցում է, որ առանց ընտրությունների կազմակերպման և իրականացման ժամանակ գործադրվող իշխանական լծակների, իրենց տանեցիներն անգամ իրենց չեն քվեարկի։ Այդ պատճառով թույլ չեն ուզում տալ ժողովրդի թեկնածուի ընտրվելը՝ որպես ժամանակավոր Կառավարության վարչապետ։

-Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը չի շտապում իշխանությունն անցնցում հանձնել ժողովրդին. փաստորեն, շարքային հանրապետականներն ավելի շա՞տ են կառչած իշխանությունից, քան իրենց ղեկավարը:

-Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը ձեռքերը լվացել է, և ինձ խիստ անհանգստացնում է այն փաստը, որ նախկին նախագահն անընդհատ այդ կուսակցության էլիտայի հետ քննարկումների մեջ է։ Եթե իր կողմից ընդունվել է, որ Փաշինյանը ճիշտ էր, և ինքը պետք է հեռանա, ապա անտրամաբանական է, թե ինչո՞ւ իր թիմին չի հորդորում հետևել իրեն։ Այդ կուսակցությունում, թեև, կան նորմալ մարդիկ, սակայն, գործող անձանց մեծ մասը հանցակիցներ են և տարիներ շարունակ միմյանց հանցանքներ են թաքցրել։ Սերժ Սարգսյանի գնալով մեկը նոր տեր է փնտրում, մյուսն ապաշխարում է, երրորդն՝ արտագաղթում։ Նորմալ հետհեղափոխական պրոցես է։

-Ինչպիսի՞նն է Ձեր կարծիքը Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան չստացված բանակցությունների մասին. Կարապետյանի կողմից առաջարկվող բանակցային ֆորմատը մերժելն ինչի՞ մասին է վկայում:

-Կարեն Կարապետյանն այս պահին լուծում է միմիայն ՀՀԿ-ի՝ հաջորդ խորհրդարանում լինելու հարցը։ Իր ենթադրյալ հովանավորների՝ «Տաշիր» գրուպի ղեկավարի եղբոր խոսքերից ակնհայտ դարձավ, որ Կարապետյանն իր այդ հենարանից ևս զրկվեց։

 

-Նիկոլ Փաշինյանն Իջևան քաղաքում հայտարարեց, որ պատրաստ է նույն սեղանի շուրջ նստել ՀՀԿ-ական պատգամավորների հետ և վարել բանակցություններ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, արդյոք դրան պատրաստ կլինեն հանրապետականները:

-Իմ անձնական շփումները վկայում են, որ այն հանրապետականները, որոնք արյունոտ չեն, ուղղակի կերպով հանցանքների մեջ թաթախված չեն, կառուցողական են տրամադրված։

-ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ևս աջակցեց համաժողվրդական հեղափոխությանը, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի ամենամեծ ընդդիադիր ուժի այս քայլը:

-Դրական եմ գնահատում, բայց դա իրենց խղճի առաջ մաքուր մնալու քայլ էր։ Շարժումը մի փուլից այնքան հզորացավ, որ անգամ Գագիկ Ծառուկյանի շատ ու շատ համակիրներ եկան ու կանգնեցին հրապարակում՝ որպես հասարակ ցուցարար։ Եվ եթե այդ ուժը ապագայի պլաններ ունի, միանշանակ, իր շարքայինների խոսքը պետք է հաշվի առնի։

-Երեկ հայտնի դարձավ, որ «Հանրապետական» կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չեն առաջադրելու. արդյոք այս որոշումները չեն փոխում ներկայիս քաղաքական օրակարգը և ի՞նչ պատկերի կարող ենք ականատես լինել Ազգային ժողովում մայիսի մեկին՝ վարչապետի ընտրության օրը:
 
-Ճիշտն ասած, այդ որոշումները միայն իրենց ժողովրդի առաջ ինքնամաքրվելու և հաջորդ խորհրդարանում հայտնվելու շանսն են։ Բայց, այսօր ակնհայտ է որ նյարդերի խաղ է գնում. նախ ՀՀԿ-ն ամեն գնով ցանկանալու է արտահերթ ընտրության գնալ ընտրական մեխանիզմների ղեկը իր ձեռոում պահելով, կեղծարար ԿԸՀ-ն իրենց տիրապետությունից չօտարելով և այլն։ Իսկ ժողովրդի իշխանությունն՝ ի դեմ Փաշինյանի, պետք է ամեն գնով թույլ չտա դա։ Այս սցենարից խուսափելու միակ ձևը մայիսի 1-ին, ժամը 8:00-ից լայն զանգվածներով փողոցում գտնվելն է։
 
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի