Հայաստանում մայիսի 2-ին իրականացվող ակցիաներին միացել են «Զվարթնոց» օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ, սակայն օդանավակայանում ստեղծված իրավիճակը չի խափանել դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթները:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ ժամը 11.00-ի դրությամբ չեղարկվել է միայն «Atlasglobal» ավիաընկերության Ստամբուլից Երևան իրականացվող չվերթը: «Մնացած չվերթներն իրականացվել են ըստ չվացուցակի: Օդանավակայանից իրականացվել է «Mahan Air» ավիաընկերության դեպի Թեհրան չվերթը»,-ասաց նա:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցներից մեկը հայտարարում է, որ իրենք էլ են միանում գործադուլին, ապա հայտարարությունից հետո մոտ երկու տասնյակ աշխատակիցներ «գործադուլ» են բղավում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ են: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով: