ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 1999 թ. ծնված Դ.Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Տ.Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դ.Ղարաբաղցյանի և Տ.Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: