Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության հարցում բացառիկ է, ու դա գիտակցում են թե աշխարհում, թե Հայաստանում: Մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հանգամանքին, որ բողոքի ակցիաների ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող «Ելք» խմբակցությունը երբեմն դեմ են արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, Մարկեդոնովը նկատեց, որ արդեն տարբեր հայտարարությունների մակարդակով ասվել է՝ Ռուսաստանը կշարունակի լինել եղբայրական ու դաշնակից երկիր: «Անգամ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշիկովը, ով կասկածամիտ է հետխորհրդային երկրներում զանգվածային բողոքի ակցիաների նկատմամբ, Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Փաշինյանը կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել»,- ՝ ասաց քաղաքագետը: Նա նկատեց, որ տարբեր քաղաքական գործիչներ տարբեր ժամանակներում Ռուսաստանի առնչությամբ բազմաթիվ հայտարարություններ են արել, որոնք ընթացքում փոխվել են: Նա նշեց՝ նորմալ է, որ ընդդիմադիր գործիչը քննադատում է իշխանություններին, քանի որ հենց դա է իր գործառույթը:

 

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, այն շատ բան չի կարող առաջարկել Հայաստանին: «Արևմուտքը ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանին. ՆԱՏՕ՞-ն, որի անդամ է Թուրքիան: Այս երկիրը միայն անդամ չէ, այն զորքերի մեծությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում: Ամերիկացիները կվատացնեն Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հանուն Հայաստանի ապագայի՞, իհարկե, ոչ: Այսինքն՝ այդ վեկտորը ինչ-որ առումով փակված է»,-նշեց բանախոսը: Եվրամիությունն էլ, ըստ փորձագետի, ընտրություն չի կատարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և զենք չմատակարարել Ադրբեջանին, Սերգեյ Մարկեդոնովն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, քանի որ, առաջին հերթին, մենք նրանց հետ սահմաններ ունենք, իսկ հարևաններին չեն ընտրում: Եթե մենք Ադրբեջանի հետ վատացնենք մեր հարաբերությունները ու դրանք ընթանան Վրաստանի ուղիով, կստացվի Կովկասի երեք երկրներից երկուսի հետ թշնամական հարաբերություններ: Ի դեպ՝ դա Հայաստանին ձեռնտու չի լինի, քանի որ այս դեպքում Ռուսաստանի ճնշումը Բաքվի վրա չի կարող լինել: Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, ապա Ռուսաստանը Ադրբեջանի միակ ռազմատեխնիկական գործընկերը չէ, Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի, Ուկրաինայի, Թուրքիայի հետ»:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը: