Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայություն են իրականացնում՝ պաշտպանելով իրենց Հայրենիքը, պաշտպանելով Ռուսաստանը, Հայաստանը: Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները դարավոր պատմություն ունեն, տարբեր ժամանակներում աչքի են ընկել սերտ համագործակցությամբ: Հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում:
«Երկու դաշնակից երկրների ՝Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես գիտեք, Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում: Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,-ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերին, ապա դեսպանը նշեց, որ դրանք կյանքի են կոչվում պարբերաբար: Ռուս զինվորականները ծառայություն են իրականացնում Հայաստանի իրենց գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի կատարման հնչյունների ներքո ցուցադրված հայ և ռուս զինվորների հանդիսավոր քայլերթով:
1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան Գերմանիայի դեմ: 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: