ՀՀ կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 3-ի նիստում:
Որոշմամբ հայտարարվում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի30-ը ներառյալ:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով: