ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով' որոշում եմ.
1. 2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի' մինչև 35 տարեկան սպաների զորակոչ' ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
2. 2013 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում»: