Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում, որն ուղղված է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2018 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2019թ. նույն ժամանակահատվածում, «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում աշխատելու են ՌԴ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ (մասնագետների մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է ս.թ. հունիս-հուլիս ամիսներին): Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են թվով 3 հերթափոխների միջոցով՝ յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու են ավելի քան 200 մասնագետներ:
Հիմնական աշխատանքները իրականացվելու են ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին և կենսական կարևորության գոտի, որտեղ ըստ ՀՀ կառավարության թիվ 1231-Ն առ 11.09.2003թ. որոշման (նոր խմբագրությամբ հաստատվել են «միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության» նոր կանոնները) պահանջների՝ այցելուների և ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը:
Հաշվի առնելով նշվածը և այն, որ բացի ՌԴ «Ռուսատոմ Սերվիս»-ի կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետների, տարբեր հարցերի շուրջ ՀԱԷԿ այցելում են այլ ընկերությունների և կազմակերպությունների աշխատակիցներ և հյուրեր, որոնց նույնպես անհրաժեշտ է ապահովել պատասխանատու արտադրամասերի կողմից հատկացված ուղեկցողներով, առաջանում են մի շարք ռիսկեր:
Ուստի, հիմք ընդունելով դրանք, անհրաժեշտություն է առաջացել կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված փոփոխությունները: Մասնավորապես՝ հիշյալ որոշմամբ հաստատված «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության կանոնների» 6-րդ գլխի 58-րդ կետը լրացվել է հետևյալ պարբերությամբ՝ «ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգումների, այդ թվում` պլանային-նախազգուշողական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաև ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների և ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը»:
Կառավարության մայիսի 3-ի նիստում հավանություն է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման ծրագրին և ներդրումային պլանին: