Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը վտահ է՝ «Թավշյա հեղափոխությունը» տրամադրության առումով գերազանց է անդրադարձել հայաստանյան գործարար միջավայրի վրա, քանի որ նախկինում բիզնեսը բավականին կաշկանդված էր հատկապես մոնոպոլիաների առումով. «Օրինակ, վերջին շրջանում մենք փորձում էինք աջակցել Իրանից Հայաստան վառելանյութ ներմուծող մի գործարարի, ով ուներ հստակ մի մտահոգություն՝ արդյոք իրեն ահմանի վրա կխոչընդոտեն, և այս գործարարը միակը չէր: Մյուս խնդիրը բիզնես-քաղաքականություն սերտաճումն էր, և մենք Կառավարությանն ու վարչապետին բազմիցս դիմել ենք այդ խնդրի դեմն առնելու համար: Հիմա ենթադրում ենք, որ այս նոր թիմի գալով կարող է բիզնեսը զարգանալ և պետական ինստիտուտներն այս առումով կզարգանան»,-ասաց նա:
Մարարյանի խոսքով՝ տնտեսական առումով՝ «Թավշյա հեղափոխությունը» որոշակի բացասական ազդեցություն է թողել. տնտեսական ցուցանիշների նվազում կա, սակայն դրանք վերականգնվող են, քանի որ աշխատուժի մոտ առկա է շատ մեծ ոգևորություն. «Աշխատուժի ոգևորությունը շատ կարևոր է. այն կարող է ետ ընկածը բերել իր տեղը»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ հինգ օր չաշխատելը ՀՆԱ-ի վրա երկու տոկոս բացասական ազդեցություն է ունեցել:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վենդետա չկիրառելու հայտարարությանը՝ Մակարյանը նկատեց, որ այս մոտեցումը Հայաստան կբերի նոր բիզնեսներ. «Մեկ միլիոն դոլարի սահմաններում կարելի է երկու գործարան հիմնադրել հարյուր աշխատատեղով, կարելի է բացել հիմնադրամներ, մարել վարկային շատ պարտավորություններ»,-ընդգծեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Խոսելով նոր կառավարության կազմի մասին՝ Մակարյանը նկատեց, որ պետք չէ բավարարվել սեփական կուսակցությունների մասնագետներով, կարելի է նախորդ նախարարների հետ աշխատել, մասնագետներ հրավիրել նաև սփյուռքից:
«Սիրողական մակարդակով չի կարելի Կառավարությունը լցնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած Կառավարությունը պետք է հրատապ կարգով փոփոխությունների ենթարկի որոշ օրենքը՝ ի նպաստ բիզնես միջավայրի կայացման և հավասար միջավայրի ձևավորման:
Աղավնի Սուքիասյան